6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

Աննա Կոստանյան 15.11.2022 - 13:35
15.11.2022 - 13:35 դիտում

Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կտնօրինի իր հայեցողությամբ: Այս ծրագրի ներդրումից հետո կդադարեցվի Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը:

«Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է նախարարը:

Նախագծին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ