Հանցավոր դրսևորումների կանխում՝ հնարավոր օջախների վերահսկողությամբ, ապօրինի զենքերի ու թմրամիջոցների հայտնաբերում՝ թիրախային հակազդմամբ։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձ։ Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։
