36-ամյա ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը սահմանել է հերթական ռեկորդը

Աննա Կոստանյան 2.11.2021 - 15:05
2.11.2021 - 15:05 դիտում

2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ 36-ամյա Թաթուլ Միրզոյանը գրանցել է հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական 16 կգ կշռաքարը ուսագոտուց միաժամանակ հրելով վեր 80 անգամ 2 րոպե 22 վայրկյանում:

Ռեկորդի իրականացմանը ներկա էին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, հիմնարկի վարչակազմը, ինչպես նաև ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը:

Խաչիկ Հարությունյանը, շնորհավորելով Թաթուլ Միրզոյանին, նշել է, որ վերջինս նորանոր ռեկորդներ է սահմանում շնորհիվ ամենօրյա քրտնաջան պարապմունքների, ինչը լավ օրինակ է նաև այլ ազատազրկված անձանց համար:

Վարդան Թովմասյանը Թաթուլ Միրզոյանին է հանձնել ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի սպորտի վարպետի թեկնածուի հավաստագիրը և հայտարարել, որ այս ռեկորդն առաջին անգամ է սահմանվում Հայաստանում, և ողջունելի է, նման պայմաններում մարզվելով, հասնել այսպիսի արդյունքների:

Թաթուլ Միրզոյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված բյուրեղավանցիների հիշատակին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ