«21-րդ դարն է. սա չպետք է հանդուրժվի». Միրզոյանը Արցախում 3-ամյա և 6-ամյա երեխաների մահը «լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք» է որակել

Աննա Կոստանյան 13.07.2023 - 17:43
13.07.2023 - 17:43 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահվան վերաբերյալ՝ ընդգծելով, որ կատարվածն Արցախի շրջափակման հետևանք է:

«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», – գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ