2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները

Աննա Կոստանյան 8.06.2026 - 16:10
8.06.2026 - 16:10 դիտում

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը և ԿԲ 2025 թվականի վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 8-ին ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն շարունակում է առաջնորդվել կատարողականի գնահատման երեք հիմնական մոտեցմամբ՝ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովում, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն ու դիրք, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական աճի խթանում:

Մարտին Գալստյանը նշել է, որ 2025 թվականի ընթացքում և հատկապես չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճն արագացել է, ինչի արդյունքում տարեկան կտրվածքով արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ: Այն շուրջ 2 տոկոսային կետով գերազանցել է Կառավարության նախանշած ցուցանիշը: Նշվել է, որ 2025 թվականի տնտեսական աճի արագացումն անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա՝ արձանագրելով հարկային եկամուտների աճի՝ ծրագրավորվածից բարձր ցուցանիշներ: Հարկային եկամուտները 2024 թվականի համեմատ աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 24.1 տոկոս: Արդյունքում, եկամուտների ազդակը համախառն պահանջարկի վրա ունեցել է գրեթե չեզոք, թույլ զսպող ազդեցություն՝ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականին որոշակիորեն նվազել է և պահպանվել 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կարևոր հիմքեր ձևավորելով միջնաժամկետ հարկաբյուջետային և պարտքի կայունության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, բյուջեի կատարումն ուղեկցվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ, և տարվա ընթացքում պետական բյուջեի պակասորդը ցածր է եղել կապիտալ ծախսերից:

ԿԲ նախագահն ընդգծել է, որ չնայած պահպանվող մարտահրավերներին և անորոշություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 2025 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում: Նշվել է, որ Կենտրոնական բանկը հատկապես կարևորում է միջնաժամկետ հատվածում տնտեսության դիրքին համահունչ հակապարբերաշրջանային (հակացիկլիկ) հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Մարտին Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկի 2025 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 11.3 միլիարդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 9.4 միլիարդ դրամ կամ 83 տոկոս: 2025 թվականի վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնց գծով կատարողականը եղել է 84 տոկոս:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը, նշել է, որ հաշվեքննության արդյունքում գնահատվել են պետական բյուջեի կատարման հաշվետվությունների համապատասխանությունն իրավական ակտերի պահանջներին և քաղաքացիաիրավական հարաբերությունների հիմքերին: Նա ընդգծել է, որ բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից:

«Բյուջետային հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ճշմարիտ և իրական պատկերը: Ըստ այդմ, Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է չձևափոխված կարծիք»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Խոսելով հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշների մասին՝ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին պետական բյուջեից Հաշվեքննիչ պալատի պահպանման նպատակով օգտագործվել է 827,3 միլիոն դրամ: Հատկացված հիմնական միջոցները նախատեսված են եղել հաշվեքննությունների իրականացման միջոցառման համար: Հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացման համար նախատեսված 2.1 միլիոն դրամից օգտագործվել է շուրջ 900 հազար դրամ:

Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի նախագահները պատասխանել են պատգամավորների հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ