2023-ին ապահովվել է 2 տրլն 222 մլրդ բյուջետային եկամուտ, որը 2017-ի ցուցանիշից ավելի է 1 տրլն 64 մլրդ դրամով

Աստղիկ Խաչատրյան 23.02.2024 - 10:47
23.02.2024 - 10:47 դիտում

Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ն Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի նիստին ներկայացրեց Կառավարության՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի խորհրդարան:

Ըստ փոխվարչապետի՝ եղել են բազմաթիվ առաջարկներ, բայց զեկույցում փաստերն ու ձեռքբերումները ներառվել են ըստ էականության՝ պահպանելով նաև ծավալային համաչափությունը:

Զեկույցում ներառված են նաև 2023 թվականի Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում Կառավարության անդամների ուշադրությունը երկու հանգամանքի վրա հրավիրեց:

«Մենք 2021 թվականին նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է, և կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Եվ, ըստ էության, նաև 2021 թվականի ցուցանիշները նույնիսկ հաշվառումով մենք միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որը, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցությունը:

Երկրորդը՝ կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ:

Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017 թվականի բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշը ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը (հարկային եկամուտների մասին է խոսքը) կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017 թվականի նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել:

Եվ ես կրկին ուզում եմ մեր օրինապահ վարկ վճարողներին շնորհակալություն հայտնել, բայց նաև ակնհայտ է, որ մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, որովհետև մեր երկրում կա, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն, և մեզ մոտ նաև ստվերային տնտեսության մեջ պետք է նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում… Այսինքն՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ