2018-ի համեմատությամբ 2025-ին կրթության ֆինանսավորումն ավելացել է 141 տոկոսով. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է բյուջեի կատարողականը

Աստղիկ Խաչատրյան 12.06.2026 - 19:56
12.06.2026 - 19:56 դիտում

Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 24 ծրագիր՝ 234 միջոցառումով: Օգտագործվել է շուրջ 374.4 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 93.5 տոկոս: 2024 թվականի նկատմամբ 2025 թվականի փաստացի բյուջեն աճել է 31 տոկոսով կամ շուրջ 88.75 մլրդ դրամով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 12-ին շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2018 թվականի համեմատ 2025 թվականին ոլորտային ծախսերը 154.5 մլրդ դրամից աճել են՝ հասնելով 372.3 մլրդ դրամի:

«Սա նշանակում է, որ 7 տարվա ընթացքում մեր ոլորտների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 217.8 մլրդ դրամով կամ 141 տոկոսով: 2026 թվականի պլանով հաստատված բյուջեով արդեն իսկ նախատեսվել է 422.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է եւս 13.6 տոկոսով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա պարզաբանել է, որ այս աճի հիմնական կրողը կրթության ոլորտն է: «Եթե 2018 թվականին կրթության ֆինանսավորումը կազմել էր շուրջ 128.3 մլրդ դրամ, ապա 2025 թվականին մենք խոսում ենք արդեն 311.4 մլրդ դրամի մասին: Այսինքն՝ ավելացումը կազմում է 183.1 մլրդ դրամ կամ 143 տոկոս»,- հավելել է նախարարը:

Հիմնական զեկուցողն անդրադարձել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ տեղեկացնելով, որ նշված ծրագրի իրականացման համար վերջին տարիներին 1 մլրդ դոլարի չափով գումար է հատկացվել:

Հանրակրթության ոլորտին 2018 թվականին հատկացվել է 103.1 մլրդ դրամ, 2025 թվականին այն հասել է 269.5 մլրդ դրամի: Հավելյալ ֆինանսավորումը կազմել է 166 մլրդ դրամ:

Էապես ավելացել է նաև նախադպրոցական կրթության ֆինանսավորումը:

Նախարարի խոսքով եթե 2018 թվականին կապիտալ ծախսերի համար հատկացվել է 1.3 մլրդ դրամ, ապա 2025 թվականին հատկացումներն այստեղ աճել են՝ հասնելով մինչև 129.2 մլրդ դրամի:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև գիտության ոլորտում էական առաջընթացը ֆինանսավորման ծավալների ավելացման առումով: «Գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ ունենք»,- պարզաբանել է նախարարը:

Ֆինանսավորման ծավալներն աճել են նաև սպորտի, մշակույթի, երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ