Արցախի 44-օրյա պատերազմն անխուսափելի էր. Փաշինյան

Գոհար Ստեփանյան 17.04.2021 - 22:38
17.04.2021 - 22:38 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Արցախի 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է պատասխանել հարցին, թե ինչու ընկան մեր տղաները: Այդ հարցն ունի շատ հստակ պատասխան՝ որպեսզի Արցախի Հանրապետությունը կանգուն մնա: Եվ պետք է արձանագրենք, որ այո՛, Արցախը, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Եվ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ընդհանրապես Արցախը վերացնելն էր որպես սուբյեկտ: Եվ մեր տղաների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է, որ կարողացանք, այո՛, դժվար դիմակայել 44-օրյա պատերազմում: Այո՛, Արցախը վիրավորվեց, մենք բոլորս վիրավորվեցինք, խոցվեցինք, բայց, Արցախը կանգուն է, Հայաստանի Հանրապետությունը կանգուն է»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծել են Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Վարչապետը սա կարևորեց նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա, բայց համանախագահներն ընդգծել են, որ հարցը պետք է կարգավորվի՝ ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: «Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով»,-ընդծեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Փաշինյանը նշեց նաև, որ Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար:

Փաշինյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր: «Որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը: Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»,-ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ