18 համայնքում կանցկացվեն ընտրություններ. ԿԸՀ-ն ներկայացրել է ընթացակարգն ու ժամկետները

Աննա Կոստանյան 22.07.2022 - 16:52
22.07.2022 - 16:52 դիտում

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն՝

– Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում.

– Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում.

– Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում.

– Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում.

– Շիրակի մարզի Անի համայնքում.

– Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում.

– Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում.

– Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ը, գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ը, իսկ գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցները, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ