18-ամյա երիտասարդի են սպանել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 24.08.2023 - 15:48
24.08.2023 - 15:48 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:

«2023 թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, որը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը և մի խումբ անձինք հանդիպել են Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի հարակից զբոսայգում՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Խոսակցության ընթացքում հիշյալ անձանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ