120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.12.2022 - 11:27
15.12.2022 - 11:27 դիտում

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը նախ՝ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա՝ փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:

Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:

120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել: Ընդ որում՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից, այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ