107 տարի անց ամերիկացիները շարունակում են հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը. ԱՄՆ նախագահի ուղերձը

24.04.2022 - 17:14 դիտում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ուղերձով:

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային ոճրագործություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ  կյանքերի ողբերգական կորուստը։

Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունը ատելության բոլոր  դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում։ Սգալով Մեծ Եղեռնի կորուստները՝ եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ բժշկելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը մենք ցանկանում ենք մեր զավակների համար: Աշխարհը, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքները մեր առօրյա կյանքի մաս չեն, և որտեղ մարդիկ ամենուր կարող են ազատորեն իրենց կյանքը վարել արժանապատվության և անվտանգության պայմաններում:

Սա նաև հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին մտորելու պահ է։ Ցեղասպանություն վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ իր համայնքը և մշակույթը վերականգնելու հարցում, հաճախ նոր տանը և նոր հողում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկահայերը Միացյալ Նահանգների հյուսվածքի կենսական մասն են կազմում։ Նրանք մեր ազգն ավելի ուժեղ ու դինամիկ են դարձնում՝ չնայած նրան, որ շարունակում են կրել իրենց նախնիների վերապրածի ողբերգական հիշողությունը: Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում ենք նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացիները շարունակում են հարգել Ցեղասպանության հետևանքով զոհված բոլոր հայերի հիշատակը»,- նշված է Բայդենի ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ