Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին

24.04.2022 - 17:09 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարի ևս ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին:

Էրդողանը կրկին խուսափել է իրերն իրենց անունով կոչելուց և ցեղասպանվածների մասին խոսելիս ասել է, թե նրանք «Առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայեր են»:

Թուրքիայի նախագահը նշել է՝ առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է:

Էրդողանի ուղերձում շեշտվում է՝ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք: Տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է ապագան միասին կառուցել՝ ասել է նա: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանն ու այն համարել դրական գործընթաց: Նաև հավաստիացրել, որ Թուրքիայի՝ հայկական ծագումով քաղաքացիները աջակցում են կարգավորման գործընթացին, նա հույս է հայտնել, որ, իր ձևակերպմամբ՝ «մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորությանը» կաջակցի նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ