1 մետր սոցիալական հեռավորություն՝ 1,5-ի փոխարեն

13.02.2021 - 18:47 դիտում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08.04.2020 թվականի 17-Ն հրամանում։ Մասնավորապես սահմանվել է, որ եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, իսկ դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:
Փոփոխություն է կատարվել նաեւ հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների եւ նախակրթարանների համար սահմանված նորմերում՝
-դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,
-դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը, դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում եւ վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
Փոփոխություն է կատարվել նաեւ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ