Նազելի Բաղդասարյանը կարևորել է պատվաստումային գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը

Աննա Կոստանյան 31.01.2022 - 18:34
31.01.2022 - 18:34 դիտում

«Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- Շիրակի մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համավարակի դեմ պայքարի միջոցառումների իրականացումն ու պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր։ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը ներկայացրել է պատվաստումների ցուցանիշները, ըստ այդմ, հունվարի 31-ի տվյալներով մարզում առաջին դեղաչափ ստացել է 74839 քաղաքացի, այսինքն 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։ Մարզպետը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։
«Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանք, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է հսկողության տակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ