Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Արամ Սահրադյանի վարած BMW մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանի վարած GAZ 32212 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով BMW -ն գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Սահրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները:
Վթարի մասին պարեկային ծառայությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: