Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

22.06.2022 - 19:22 դիտում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում:
Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Université Paris-Saclay համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց Solei» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ Կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր Station F ընկերություն, որտեղ հանդիպել է ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր:
Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման, համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը:
Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին են ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ:
Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ