Օրենսդրական նախաձեռնությամբ բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը

Աննա Կոստանյան 6.07.2022 - 15:26
6.07.2022 - 15:26 դիտում

Կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը գործնականում առավել արդյունավետ ապահովելու նպատակով Կառավարութունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով հստակեցվում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու իրավունքը: Փոխնախարարն ընդգծել է, որ այն միտված է նաեւ առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն:

Նաեւ` վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը: Բացառվում է անչափահասների, ինչպես նաեւ կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը:

Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթը հանձնաժողովում քննարկվել է մինչեւ Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը` Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում նախատեսում է փաթեթից հանել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի, Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ