«Օրակարգում կա նման հարց», Մակունցն անդրադառնում է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին

Գոհար Ստեփանյան 24.01.2021 - 23:38
24.01.2021 - 23:38 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան:

Լիլիթ Մակունցը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» – Ըստ տեղեկությունների` Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:

Լիլիթ Մակունց – Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:

«Ազատություն» – Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա:

Լիլիթ Մակունց – Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա:

«Ազատություն» – Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք:

Լիլիթ Մակունց – Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ