Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։
Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և իրավապահ մարմինները պետք է ունենան պատշաճ հնարավորություն գործերով ամբողջական ու բազմակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, անձի ձերբակալության, մեղադրյալի կարգավիճակ ունենալու, քրեական հետապնդում իրականացվելու կամ ցանկացած այլ հանգամանք չի վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն ու դրա պաշտպանության կարևորությունը, և չի տալիս անձանց վերաբերյալ անձնական տվյալները հրապարակելու անսահմանափակ հնարավորություն։
Պետական մարմինների կողմից հանրային հաղորդակցության նպատակով տեղեկատվության տարածումը ենթադրում է նաև անհրաժեշտության և համաչափության գնահատում։ Հանրային հետաքրքրությունը, այդ թվում՝ քրեական վարույթի նկատմամբ առկա հասարակական ուշադրությունը, ինքնին չի կարող արդարացնել անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումը։
Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է և զգայուն կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաև այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման ընթացքում մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի երաշխավորումը ոչ թե ցանկալի գործելակերպ է, այլ պետական մարմինների պարտականություն։
Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ:
