ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ. Փաշինյան

Աննա Կոստանյան 16.06.2021 - 14:56
16.06.2021 - 14:56 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված է ընտրակաշառքի դեպքերով:

«Նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում և առաջիկա երկու ամսում կշարունակեն գտնվել այնտեղ: Հետո ինչքա՞ն կդատվեն՝ դատարանը գիտի: Բայց դա էլ իմացեք, որ ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք: 10 հոգի մեղադրյալ, ուրիշ խափանման միջոց են գտել քննիչները, և 40 հոգի գտնվում է կասկածյալի կարգավիճակում: Այսինքն՝ այս պահին 50 հոգի ընտրակաշառքի գործով անցնողներ ունենք: Իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է դրամական պարգև:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր՝ ա) ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով, բ) պետական ու ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից կփաստագրեն ապօրինի ազդեցություն գործելու փորձը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ ահազանգեր կան, որ, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայից» մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքների կամ ընտրել որևէ մեկին:

«Հույս ունեմ, որ այս փաստերը, այս արձանագրումը չեն հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, շատ ծանր հետևանքներ կունենա: «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, որն այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը առնվազն կազատվի աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ