«Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է, սակայն անհեթեթություն է կարծելը, որ նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ». Պեսկով

Աննա Կոստանյան 4.03.2021 - 15:39
4.03.2021 - 15:39 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ անհեթեթ որակել պնդումներն առ այն, որ վերջինս իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին մասնակցելու ցանկության առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցներն իրենց որոշումները ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու կարիք չունեն: Սա հարցի բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի օգուտի (շահերի) հաստատակամ, ինչպես նաև հետագայում ևս ՌԴ-ի հետ համագործակցությունը զարգացրելու և խորացնելու կողմնակից է։ Նա մի մարդ է, որը մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման գործում, և, ընդհանուր առմամբ, ուրախ ենք նշել, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակից են: Մեզ համար սա է գլխավորը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` ՀՀ ներքաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:

Ռուս պաշտոնյան հստակեցրել է, որ այս քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում, որը նույնպես շատ արժեքավոր է», – եզրափակել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ