Քննիչը սպանության մեջ կասկածվող անձի մորից պահանջել և ստացել է 40 հազար դոլար կաշառք

Աննա Կոստանյան 20.05.2022 - 10:48
20.05.2022 - 10:48 դիտում

Բացահայտվել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին Հատուկ քննչական ծառայության (ՀԿԳ) քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս.Ս-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է շուրջ 230.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ս.Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են: Նախաքննության մարմնի կողմից դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ