Քննարկվել է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացումն ապահովող նախաձեռնությունը

Աննա Կոստանյան 24.05.2022 - 14:49
24.05.2022 - 14:49 դիտում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 300 դատապարտյալ: Վերջիններս չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ. բարձրաձայնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ հավելում, որ մեր երկրում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը:

Փոխնախարարի խոսքով՝ չունենալով համապատասխան կրթական ցենզ՝ անձը չի կարող ունենալ աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանք:

Ուստի, «Կրթության մասին» օրենքում լրացմամբ Կառավարությունն առաջարկում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի: Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ մշակվելու են թիրախավորված, անհատական ուսումնական պլաններ: «Այս պահի դրությամբ շուրջ 100 դատապարտյալ գործընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել»,- ընդգծել է զեկուցողը եւ հույս հայտնել, որ նրանց թիվը կավելանա:

Օրենքի ուժի մեջ կմտնի 2022 թ. օգոստոսի 1-ից:

Գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացմանը:

Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, կարեւորել դատապարտյալների կրթության հարցը, ինչպես նաեւ համապատասխան հաստատություններում ուսուցողական գրքերի առկայությունը:

Հարցը պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են մայիսի 24-ի ԱԺ նիստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ