Քննարկվել է Բավրայում հնդկաձավարի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը

Աննա Կոստանյան 28.03.2022 - 18:29
28.03.2022 - 18:29 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մարզպետին է ներկայացրել իրականացրած ծրագրերն ու ձեռնարկները, մասնավորապես, անդրադարձել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթին»՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված աշխատանքային առաջին հանդիպումը Շիրակի մարզից են սկսել։
Մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախությամբ կհամագործակցեն կազմակերպության հետ՝ հաշվի առնելով մինչ այժմ իրականացված արդյունավետ նախագծերն ու ձեռնարկները և, իհարկե, Շիրակի մարզի հիմնահարցերի լուծմանը միտված ցանկացած ձեռնարկ աջակցություն կգտնի Շիրակի մարզպետարանում։
«Ինձ համար՝ որպես Շիրակի մարզպետ, խիստ կարևոր է մարզի համաչափ զարգացումը, հատկապես խոշորացման գործընթացից հետո առաջնայնություններն ու դրանց լուծմանը միտված քաղաքականությունը փոխվել է և մենք՝ հաշվի առնելով մարզի ներուժը, ուժեղ ու թույլ կողմերը, ամեն ինչ պետք է անենք համայնքների զարգացման, բնակավայրերի կենսունակության ապահովման համար։ Թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության զարգացման մասին կարելի է խոսել, այս բնագավառներում մարզը ներուժ ունի»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Բավրայում հնդկաձավարի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին, հետագա անելիքներին, Մեծ Մանթաշում, Հայկավանում, Արևշատում արտադրամասերի գործունեությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել և նոր ծրագրերի մեկնարկում հաշվի առնել համայնքների առաջնահերթությունները։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ