Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 13.10.2021 - 12:47
13.10.2021 - 12:47 դիտում

Հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել: Խոսքը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է:

Արդյոք քննարկե՞լ եք այս երկու խոշորագույն նախագծերը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին. դա վերաբերում է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքին: Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս, Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է: Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը: Այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում: Հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»:

Խոսելով փոխգործակցության մասին՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն էլ հավելեց, որ Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված հարցեր է քննարկել Հայաստանի ԱԳ նախարարի հետ:

«Առաջարկեցինք, որ Չաբահարն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց: Մենք նաև կարող ենք դիտարկել որևէ այլ նախաձեռնություն, որն արտացոլում է մեր երկու երկրների հետաքրքրությունները: Մենք նաև քննարկեցինք փոխադարձ չվերթերի հավանականությունը»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ