«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է. Նիկոլ Փաշինյան

29.10.2022 - 13:52 դիտում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ընթացքում իր ելույթում համոզմունք հայտնեց՝ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է:

Նա հիշեցրեց, որ իրենք 2015-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում հաստատված կոնկրետ ծրագրով են հանդես եկել հանրության առաջ:

«Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարում, և սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո մինչև 2018 թվականին ոչ բռնի, Թավշյա ժողովրդական հեղափոխությունը և դրանից հետո:

Եվ այսօր է դրա արձանագրման ճիշտ պահը, որ, այո՛, մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք անցկացրել են 2 խորհրդարանական ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ:

«Խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Պետք է արձանագրեմ, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային վարկանիշներում Հայաստանը առաջ է նույնիսկ ԵՄ որոշ երկրներից:

«Սա մի փաստ է, որը պետք է արձանագրենք»,- նշեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ