Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Աննա Կոստանյան 31.08.2023 - 17:30
31.08.2023 - 17:30 դիտում

Օգոստոսի 30-ին, ժամը 17:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի և Լոռու մարզերի միջակայքում մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են և հայտնվել անանցանելի վայրում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օգոստոսի 31-ին, ժամը 00։20-ին որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են և վերսկսվել առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում․ կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:

Պարզվել է, որ Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մ սահել է դեպի ձորակը։

Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ․ Հ․, ծնված 1994 թ․ և Թ․ Է․ Ս․, ծնված 1951 թ․) և ուղեկցել գյուղ։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ