Փորձի փոխանակում և համագործակցության ընդլայնում հայ և շվեդ իրավաբանների միջև

8.10.2022 - 19:25 դիտում
Հոկտեմբերի 3-6-ը ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչները Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում այցելել էին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների, ինչպես նաև Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի աշխատակցիների և փորձագետների հետ:
Հայկական պատվիրակությունը Շվեդիայում մասնակցել է նաև Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:
Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, քննարկել համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող այս ծրագիրն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ