Փարիզի բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովա

Աննա Կոստանյան 6.07.2023 - 15:14
6.07.2023 - 15:14 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրենց զարմացրել է՝ Մարսելում հունիսի 28-ին հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ավելի շատ է ճնշում գործադրում, և որ միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, և որ գրեթե միայնակ այդ հարցը պահում է միջազգային հանրության օրակարգում։

Զախարովայի կարծիքով՝ Մակրոնի հայտարարությունները Լեռնայի Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում և այլ հարցերում իր դերի մասին պաթոսային են։ «Ցավալի է, որ նա ոչինչ չի ասել այդ բեղմնավոր աշխատանքի գործնական արդյունքների մասին։ Գործընթացը կա, արդյունք չկա։ Միգուցե չի ասել, որովհետև այդ արդյունքները երբեք ոչ ոք չի տեսել»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա Փարիզին մեղադրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների տապալման համար։ Զախարովան հիշեցրել է նաև Հայաստանում ԵՄ առաքելություն ծավալելուն Ֆրանսիայի համաձայնությունը և Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող, Բաքվի և նրա իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևի ընդունումը, հավելել՝ «այս բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն և սեփական քաղաքական և նախընտրական նպատակների իրականացմանը»։

Զախարովայի կարծիքով՝ դրանով Ֆրանսիան որևէ դրական ազդեցություն չի ունեցել գործընթացի վրա, այլև հեղինակազրկել է իրեն որպես միջնորդի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ