Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար

Աննա Կոստանյան 29.05.2021 - 15:19
29.05.2021 - 15:19 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի արդյունաբերականացումը խորապես և էապես կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ավանում համակիրների հետ կայացած հանդիպմանն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման հեռանկարներին:

«Այդ առումով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները բավականին տարօրինակ են: Ինչու՞ են տարօրինակ, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը, որտեղ կա կետ՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, իսկ հունվարի 19-ի մոսկովյան հայտարարության մեջ, որը հրապարակված է, մենք ըստ էության, մեկնաբանել ենք թե ո՞նց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ընդգծելով, որ այդ հայտարարություններում միջանցք բառն ընդհանրապես գոյություն չունի:

«Խոսքը կոմունիկացիաների բացման մասին է: Այս թեմայի շուրջ վերջերս բոլորովին ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը, և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Նրանք, միջանցք ասելով, ուղղակի նկատի են ունենում բաց ճանապարհները: Բաց ճանապարհների հետ կապված՝ մենք որևէ խնդիր չունենք, և հետևաբար ես կրկին ուզում եմ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես և ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված՝ նկատի ունեմ Մեղրիի թեման, որը շատ է քննարկվում»,-ասաց Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը կարևորեց կոմունիկացիաների բացումը՝ Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ:

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ստանա երկաթուղային գործող կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, իսկ Ռուսաստանից արդեն, կարող ենք երկաթուղային փոխադրումներ իրականացնել բոլոր ուղղություններով ՝ դեպի Չինաստան, Եվրոպա»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կոմունիկացիաների բացմամբ հնարավորություն կընձեռվի պղնձաձուլարան ստեղծել և արտահանել ձուլակտորները:

«Հայաստանի ունեցած ամենածավալուն բնական պաշարի գները ռեկորդներ են սահմանում և հիմա արդեն պղնձի 1 տոննան հատեց 900 դոլարի սահմանը: Եվ որևէ մեկը կասկած չունի, որ այդ գները չեն իջնելու:Հետևաբար, եթե մենք ունենանք պղնձաձուլարան կնշանակի, որ առաջին՝մենք ոչ թե հանքաքար կվաճառենք, այլ պղինձ կարտադրենք, որը անգամներով ավելի թանկ է քան հանքաքարը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը պետք է լինի նաև ոչ միայն ձուլակտորի արտադրությունը, այլ նաև համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկ վայելող վերջնական արտադրանքի ստացումը տեղում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ