Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները

Աննա Կոստանյան 15.06.2021 - 14:49
15.06.2021 - 14:49 դիտում

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ցուցաբերած աջակցության համար: Նա նշեց, որ ամեն քաղաքացի, հյուրանոցի կամ հյուրատների սեփականատերեր իրենց դռներն են բացել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար, հերոսաբար կանգնած են եղել Գորիսի բժիշկներն ու շտապ օգնության ծառայության վարորդները:

« Իմացեք սիրելի ժողովուրդ, մենք դժվարին պահերին ձեզ մենակ չենք թողնի: Մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու, մեր խոնարհումն ունենք ձեզ մատուցելու, մենք տուրք ունենք ձեզ տալու: Շնորհակալ եմ, որ հզոր եք ու հաղթական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Նիկոլ Փաշինյանը: Դիմելով Գորիսի գործարարներին՝ Նիկոլ փաշինյանը նշեց, որ գիտեն նրանց ծառայությունների, զոհողությունների և նվիրատվությունների մասին: Նա ընդգծեց, որ դժվար պահին նրանց մենակ չեն թողնի, և որ յուրաքանչյուրի ծառայությունն ու վաստակը նկատված է, և դա արժանի է պետական ամենաբարձր մակարդակով գնահատանքի:

«Այսօր միասնության ավտոերթ ենք կազմակերպել Երևանից դեպի Սյունիքի մարզ: Եվ դա արել ենք երկու նպատակով: Առաջին հերթին ցույց տալ, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը Սյունիքը հակադրի մնացած Հայաստանին կամ հակառակը, ցույց տալ, որ Հայաստանը միասնական է, ցույց տալ, որ միասնականությունն է մեր բոլոր խնդիրների լուծման ճանապարհը: Չկա առանձին վերցրած շիրակցի, տավուշցի, լոռեցի… Մեր երակներում միևնույն արյունն է հոսում: Մենք մի օջախ ենք, մի ընտանիք, թույլ չենք տա, որ մեզ միմյանց դեմ հանեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց արոտավայրերի սակավությունը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա 1 մլն հա արոտավայր, որից օգտագործվում է ուղիղ կեսը: Այսինքն՝ երկրում առկա է 500 հազար հա արոտավայր, որը չի օգտագործվում: Եվ այսօր խնդիր կա ճիշտ կառավարել եղած ռեսուրսները: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ չօգտագործման պատճառներից է արոտավայրեր տանող ճանապարհների բացակայությունը: Կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը, առաջիկայում նախատեսում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ ուղղությամբ: Ապագայի ծրագրերից զատ, Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հրատապ անելիքների անհրաժեշտություն են տեսնում: Սյունիքի մարզի այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ունեն խնդիր արոտավայրերի ու խոտհարքների կորստի հետ կապված, կստանան աջակցության ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սահմանային անվտանգությունից:

«Մեր դիրքորշումն աներկբա է, և այն պաշտպանում են մեր մյուս գործընկերները ևս: Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Այլ կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով: Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ