Եվրամիության խորհուրդը՝ Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում, հուլիսի 13-ին Հայաստանում մեկնարկում է գործընկերային առաքելությունը, որը խորհրդատվական, քաղաքացիական բնույթ է կրում: Ըստ խորհրդի հայտարարության՝ պաշտոնապես ապրիլի 21-ին ստեղծված առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Դրանք ներառում են, այդ թվում, կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը և ապօրինի ֆինանսական հոսքերը:
Մասնավորապես, առաքելությունը կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կաջակցի Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ նման սպառնալիքներին դիմակայելու համար:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդելոը Ռուսաստանի ճնշմանը:
«Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարելու կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի»,- հայտարարել է Կալասը:
