Ցանկացա իմ օրինակով ցույց տալ, որ «Աստրազենեկան» վստահելի պատվաստանյութ է. Ավինյանն ու Ավանեսյանը պատվաստվեցին

Աննա Կոստանյան 28.04.2021 - 17:41
28.04.2021 - 17:41 դիտում

Պատվաստումն այս տարվա ամենակարևոր գործընթացն է, որը կնպաստի ինչպես այլ երկրների հետ մեր շփումների վերականգնմանը, այնպես էլ զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվելուց հետո:

Նրա խոսքով՝ հանրային իրազեկման արշավի նպատակն է՝ համոզել մարդկանց պատվաստվել:

«Ես և տիկին Ավանեսյանը պատվաստվեցինք «Աստրազենեկա» պատվաստանյութով, երկրորդ չափաբաժինը կստանանք 2 ամիս հետո: Մենք հատուկ ենք ընտրել «Աստրազենեկան», քանի որ հենց այդ պատվաստանյութի մասին են ավելի շատ սուտ լուրեր տարածվում, մինչդեռ աշխարհում 200 մլն դեպքից մի քանի տասնյակն են միայն վատ ավարտ ունեցել: Պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում՝ 18-ից բարձր քաղաքացիների համար»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ փորձելու են ամեն ինչ անել պատվաստվողների մեծ թիվ ունենալու համար, ինչը կազդի ցուցանիշների նվազման վրա, ուստի Ավինյանը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել՝ վստահեցնելով, որ ՀՀ-ում դրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են:

«Պատվաստումը կարևոր կանխարգելիչ միջոցառում է, որ կօգնի հաղթահարել կորոնավիրուսը և, ի վերջո, վերադառնալ բնականոն կյանքի»,- պատվաստվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ իրեն լավ է զգում և իր օրինակով ցանկացավ ցույց տալ, որ «Աստրազենեկան» նույնպես վստահելի պատվաստանյութ է:

«Մենք անընդհատ տագնապի վիճակում ենք, ամեն ալիքի հետ հիվանդության ծանր դեպքերի թիվն ավելանում է,  ներմուծվում են նոր շտամներ, ուստի պետք է օր առաջ կանխենք հիվանդության տարածումը: Պետք է լայնացնենք պատվաստվողների շրջանակը, նրանք ապահովենք հանրային իմունիտետ, և մենք ցտեսություն կասենք այս արհավիրքին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ Հայաստան կներմուծվի 50 հազար դեղաչափ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը, որը նույնպես նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ «Սինոֆարմը» Հայաստանին տրամադրվել է անվճար՝ որպես նվեր, հայկական կողմն ապահովել է միայն դրա տեղափոխումը:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ Հայաստանին առաջարկվել է «Նովովաքս» պատվաստանյութը, ինչին Կառավարությունը համաձայնություն է տվել, սակայն, ըստ Ավանեսյանի, գնի և մատակարարման ժամկետների վերաբերյալ վերջնական տեղեկություն դեռ չկա:

«Պետք է բոլորս պատասխանատու կերպով մոտենանք պատվաստանյութերին, վստահենք միայն փաստարկված և մասնագետների կողմից տրամադրված տեղեկությանը՝ չտրվելով մանիպուլյացիաներին: Պետությունը ֆինանսներ չի խնայելու պատվաստանյութ ձեռք բերելու համար, այլապես այդ գումարը մենք պետք է ծախսենք քաղաքացիների բուժման համար»,- ընդգծեց նա:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ արդեն պատվաստվել է 2000-ից ավելի մարդ, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ