Ցանկացած երկխոսություն պետք է իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի․ ԼՂ նախագահ

6.08.2023 - 23:09 դիտում

Արայիկ Հարությունյանը հարցազրույցում անդրադարձել է ԼՂ անվտանգային ու հումանիտար իրավիճակին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքներին։

«Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք»,ասել է Արայիկ Հարությունյանը բնութագրելով ստեղծված իրավիճակը։

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել ԼՂ ղեկավարը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Բաքվի հետ երկխոսության հնարավորությանը․

«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- նշել է Հարությունյանը ավելացնելով՝ «առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու եմ միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմանները»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, քաղաքական և հասարակական գործիչների արձագանքներին Արայիկ Հարությունյանը ասել է, որ միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված իր նամակներին արձագանքներ եղել են, կլինեն, բայց արդյունք չկա։

«Առաջին նամակը ես ուղղել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին դեռ հուլիսի սկզբներին և իրականում ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է։ Դրա մասին լրացուցիչ Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ի հեռախոսազրույզում անդրադարձել է։ Դրանից հետո տեղի են ունեցել Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել, ՌԴ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված եռակողմ՝ Բայրամով-Միրզոան-Լավրով հանդիպումները։Կարծես՝ ամեն տեղ քննարկվել է , բարձրացվել է խնդիրը, կարծես ֆիքսել են ամեն տեղ, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքները, նորից եմ կրկնում, զրոյական են»,-հավելել է նախագահ Հարությունյանը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ