Տեսանյութերը ցույց են տալիս պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. Ստանո

Աննա Կոստանյան 3.10.2022 - 19:56
3.10.2022 - 19:56 դիտում

Եվրամիության արտաքին քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն արձագանքել է լրագրողների հարցերին՝ կապված արձանագրված տեսանյութերում հայ ռազմագերիների հանդեպ բռնությանը:

«Սոցցանցերում պտտվող այդ սարսափելի տեսանյութերը իրոք խնդիր են: Այդ տեսանյութերը ցույց են տալիս պատերազմական հանցագործությունների գործողություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: Եվրոպական միությունը դատապարտում է միջազգային իրավունքի ցանկացած խախտում և մարդկության դեմ հանցագործության փորձ, և մենք կոչ ենք անում անհապաղ համապարփակ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Եվրամիությունը հետաքննող մարմին չէ, քանի որ դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով, հատկապես՝ վերջին տեսանյութի դեպքում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննություն անցկացնեն: Նման սարսափելի արարքներ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և նման հանցագործությունները պետք է դատապարտվեն: Սա Եվրոպական միության խիստ դիրքորոշումն է»,- ասել է Ստանոն:

Լրագրողի հարցին, թե արդյոք պետք է սպասել կողմերից բռնության հետաքննությունների անցկացում, խոսնակը պատասխանել է, որ Ադրբեջանի շահերից է բխում հետաքննել տեսանյութերը, որտեղ սարսափելի հանցագործություններ են կատարվում ադրբեջանական համազգեստով զինվորների կողմից, որպեսզի ապացուցեն աշխարհին, որ դա իրենց երկրի քաղաքականությունը չէ: Կախված հետաքննության արդյունքներից՝ Եվրամիությունը կորոշի իր քայլերը։

Անդրադառնալով Պրահայի հանդիպմանը՝ Պետեր Ստանոն նշել է. «Կարծում եմ՝ սա Եվրոպական խորհրդի նախագահի գործն է: Ընդհանուր առմամբ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Եվրոպական միությունը մեծապես ներգրավված է երկու երկրների միջև բանակցությունները հեշտացնելու գործում ինչպես խորհրդի նախագահ (Շառլ) Միշելի, այնպես էլ (Ժոզեպ) Բորելի և տարածաշրջանում մեր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գործունեության միջոցով:

Այսպիսով, այս դժբախտ խնդիրը լուծելու համար շատ փորձեր են արվում, քանի որ այն շարունակում է բերել բռնության նոր դեպքեր: Իսկ բռնությունը երբեք լուծում չէ։ Բռնությունը պետք է դադարեցվի: Եվրամիությունը վճռականորեն շարունակելու է ներգրավվածությունը՝ աջակցելու ապաէսկալացիային և սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ այս հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Որպեսզի նման բռնությունների, բախումների ու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների տեսարաններ այլևս չլինեն»,- եզրափակել է խոսնակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ