Վրաստանում թունելի կառուցման ժամանակ 10 մարդ թունավորվել է, մեկը` մահացել

Աննա Կոստանյան 14.06.2022 - 18:21
14.06.2022 - 18:21 դիտում

Հունիսի 13-ին Կոբի գյուղի մոտակայքում ճանապարհաշինության ժամանակ բանվոր է մահացել։ Այս մասին գրում է jnews.ge -ն։

Ըստ Netgazeti-ի, թունելի շինարարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 10 բանվոր թունավորվել է շմոլ գազից, իսկ մեկը՝ մահացել։

Այս տեղեկությունը Netgazeti-ին հաստատել են Ճանապարհային վարչությունից, գերատեսչությունը հայտնել է, որ 10 մարդ իսկապես թունավորվել է, սակայն այժմ նրանց վիճակը բավարար է գնահատում և նրանք գտնվում են տանը։

Ճանապարհային վարչությունից հայտնել են նաև, որ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ։

Ինչպես Netgazeti-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, այս փաստը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով։ Հոդվածը ենթադրում է շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների: Վերոնշյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով։

Netgazeti-ն կապ է հաստատել Աշխատանքի տեսչության հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, թե արդյո՞ք նախաքննությամբ հայտնաբերվել է անվտանգության խախտում։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի։

Քվեշեթի-Կոբի ճանապարհը կազմելու է ավտոմայրուղու մի փոքր հատված, որն այլընտրանքային ճանապարհով Վրաստանը կապելու է Ռուսաստանի Դաշնության հետ։

Այս տարանցիկ գիծը կոչվում է Հյուսիս-Հարավ միջանցք։ Կոբի-Քվեշեթի հատվածի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 560 մլն ԱՄՆ դոլար։

Ճանապարհը կառուցվում է China Railway 23rd Bureau Group Co.-ի կողմից, որը հանդիսանում է China Railway Construction Corporation-ի դուստր ձեռնարկությունը, որը պատկանում է պետական «China Railway» ընկերությանը:

Այս ընկերությունը երկար տարիներ գործում է Վրաստանում և աշխատում է տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ մայրուղիներում և թունելներում։

Նրա գործունեությունն ուղեկցվում է մեղադրանքներով և դիտողություններով՝ կապված ինչպես աշխատողների, այնպես էլ արհմիությունների, ինչպես նաև պետության կողմից աշխատանքի պաշտպանության խախտումների հետ։

2018 թվականի հունվարի 22-ին Բեժաթուբանիում գտնվող ընկերության տարածքում երկաթուղու շինարարության ժամանակ մեկ մարդ է մահացել։ Դրանից հետո Աշխատանքի տեսչությունը տուգանել է China Railway 23rd Bureau Group Co.-ին 50 000 լարիով և ժամանակավորապես դադարեցրել է օբյեկտում աշխատանքային գործընթացը։

Netgazeti-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի տեսչության վարչությունը 2016-2018 թվականներին ընկերության օբյեկտներում իրականացված երեք ստուգումների արդյունքում հայտնաբերել է մինչև 30 տարատեսակ խախտումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ