Վրաստանի հատուկ ծառայություններն առգրավել են Ռուսաստան տեղափոխվող պայթուցիկների բեռ. կասկածվում է ՀՀ 2 քաղաքացի

Աննա Կոստանյան 5.02.2024 - 14:50
5.02.2024 - 14:50 դիտում

Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ բեռների տեղափոխման փորձը, հանցագործության համար կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ Պետանվտանգության ծառայության՝ 2024 թվականի հունվարի 19-ին Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներում վեց պայթուցիկ սարք է մտցվել Վրաստան. նախատեսվում էր պայթուցիկները Վորոնեժ հասցնել վրացական «Դարյալ» անցակետով: Պայթուցիկներն առգրավվել են այդ անցակետում, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ վտանգավոր բեռների փոխադրման կազմակերպիչը ծագումով Բաթումի քաղաքից է, «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն։

Քրեական գործը վարվում է «Պայթուցիկ սարքերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում և ձեռքբերում» հոդվածով, սակայն Պետական անվտանգության ծառայությունը չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչության նախապատրաստություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ