Վերջին շրջանում ավելի են սրվել Ադրբեջանի հայատյացության քարոզը և ուղղակի սպառնալիքները. Միրզոյան

Աննա Կոստանյան 22.03.2023 - 17:08
22.03.2023 - 17:08 դիտում

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ խաղաղության գործընթացին, միևնույն ժամանակ շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի է սրվել:

«Երևույթը, որի մասին խոսում եք, նոր չէ: Ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին, օրինակ՝ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը: Մյուս կողմից՝ տեսնում ենք իրականության մեջ Ադրբեջանի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները: Դրան վերջին անգամ ականատես ենք եղել սեպտեմբերի 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, դրան ականատես ենք եղել նաև դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ և ԼՂ շրջափակմամբ: Այս երևույթը շարունակվում է: Ավելին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները: Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, ՀՀ-ում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները:

Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա: Միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են: Կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկները, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր առաջարկները»,- ասաց նախարարը:

Ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանությունը, Միրզոյանի խոսքով, ոչ միայն չի նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացի ճանապարհին:

«Բայց մեր դիրքորոշումը չի փոխվել, հաստատակամ ենք: Համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել»,- ասաց ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ