Վերաքննիչ դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության միջնորդության քննարկումը

Աստղիկ Խաչատրյան 15.07.2021 - 19:34
15.07.2021 - 19:34 դիտում

Վերաքննիչ դատարանն այսօր ավարտել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության միջնորդության քննարկումը: Մեղադրող կողմը միջնորդել էր կասեցնել իր բերած բողոքի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան:

Վերաքննիչում դատախազությունը վիճարկում է առաջին ատյանի որոշումը, որով արդարացվել էին «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանն ու Յուրի խաչատուրովը:

Գործը կարճվել էր բարձր ատյանի՝ 300.1-րդ հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելը, Մայր օրենքին հակասող ճանաչելուց հետո:

Երկրորդ ատյանում այսօր դատախազներին արձագանքել են պաշտպանները: Արմեն Գևորգյանի պաշտպանը պնդել է, որ 300.1-րդ հոդվածի ապաքրեականացումից հետո բարձր դատարան դիմելու համար այլևս հիմքեր չկան:

Մեղադրողները, սակայն, համոզված են, որ Քոչարյանի և մյուսների արդարացման որոշումից հետո խախտվել է «Մարտի 1»-ի գործով տուժողների արդար դատաքննության իրավունքը, իսկ օրենքն իրենց հնարավորություն չի տալիս վերաորակավորել մեղադրանքը:

Դատարանը որոշել է հետաձգել ՍԴ դիմելու միջնորդության քննարկումը մինչև բուն գործով որոշման կայացումը:

Հիշեցնենք՝ Քոչարյանն ու Գևորգյանն այժմ մեղադրվում են միայն կաշառքի գործով. Արմեն Գևորգյանը՝ 1 մլն դոլար կաշառք ստանալու ու հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, իսկ Քոչարյանը՝ 3 մլն դոլար կաշառք ստանալու համար:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ