«Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը»:
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:
Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել էր, այնուհետև Ծառուկյանի կալանքը երկարաձգվել էր 2 ամսով:
Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Այնուհետև ըստ նախաքննական մարմնի՝ Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։
