Վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Աննա Կոստանյան 13.11.2023 - 15:58
13.11.2023 - 15:58 դիտում

Քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Սակայն, նախնական համաձայնությամբ, հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա․ Հ․-ն և Ն․ Ա․-ն ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել են շուրջ 500.000.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ և պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250.000.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ