Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

25.06.2023 - 13:55 դիտում
Այսօր՝ հունիսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից։
Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։
Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ