Վարչապետը մանրամասներ է ներկայացրել 9-րդ ՊՇ-ում 2020-ի հոկտեմբերի 7-ի հակահարձակման մասին

Աննա Կոստանյան 27.06.2023 - 15:14
27.06.2023 - 15:14 դիտում

Ո՞ւմ առաջարկով է Նիկոլ Փաշինյանի կողմից արտոնվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարձակումը 9-րդ ՊՇ-ի հատվածում և արդյոք արտոնվե՞լ է: ԱԺ քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետին խնդրեց մանրամասնել ներկայացնել այդ գործողությունից:

«Հոկտեմբերի 5-ին կամ 6-ին ես եղել եմ Ստեփանակերտում, և եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, և այդ ժամանակ արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել: Եվ այնտեղ է եղել ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Եվ ես ասել եմ. «Հարգելի՛ գործընկերներ, իրավիճակը վատ է, վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել»: Ընդ որում՝ հասկանալով իրադարձության լրջությունը՝ ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից հեռախոսով փորձել եմ կամ կապի այլ միջոցներով: Եվ այդտեղ ԼՂ ԱԽ քարտուղարը (Սամվել Բաբայանը – խմբ.) հանդես է եկել առաջարկությամբ»,- մանրամասնեց Փաշինյանը և նկատեց, որ իր համար այս հարցում կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը վերականգնելու մասով:

«Ես ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել և վստահել եմ գրեթե անվերապահորեն»,- ասաց Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ այն փաստը, որ զինվորականները կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, իր համար արդեն իսկ վստահության կանխավարկածի «շատ մեծ ավանս» է եղել:

«Այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, ասել եմ, որ (եթե չեմ սխալվում, պարոն Բաբայանին եմ խնդրել), ասել եմ՝ պարո՛ն Բաբայան, Ձեր գաղափարը ներկայացրեք: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը… Ես ասել եմ՝ բա եթե տրամաբանություն կա մեջը, ո՞նց որոշում կայացնենք, անե՞նք դա, թե՞ չանենք դա: Ինքը ասել է, որ կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է պլան ձևավորի, և ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը. դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ: Ես ասել եմ. «Շատ լավ: Պարո՛ն Գասպարյան, երբ որ կա՛մ բացասական, կա՛մ դրական որևէ որոշում կլինի, ինձ կտեղեկացնեք՝ դա լինո՞ւմ է, թե՞ չի լինում: Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում: Որ քաղաքական առումով ես խնդիր չեմ տեսնում, և քաղաքական առումով ես չեմ արգելում դա անել, բայց ռազմական մասով, զինվորական մասով պետք է ռազմական պաշտոնյաները, իրավասուները որոշեն: Եվ հետևաբար՝ քաղաքական մասով ես խնդիր չեմ տեսնում, բայց անել թե չանել՝ պետք է որոշի ռազմական ղեկավարությունը, ինչը, կարծում եմ, ճիշտ է»,- ասաց նա, ապա հիշեց, որ այդ օրը արդեն վերադարձել էր Երևան, երբ Օնիկ Գասպարյանն իրեն ասել է, որ որոշում է կայացվել, որ այդ օպերացիան պետք է իրագործվի:

«Իջևանում նման արտահայտություն կա՝ «աչքդ ուտո՞ւմ ա, թե՞ չի ուտում», ինչը նշանակում է՝ «իրատեսակա՞ն ես համարում, թե՞ իրատեսական չես համարում»: Եվ ինքը (Օնիկ Գասպարյանը – խմբ.) այդ նույն բառերով ինձ ներկայացրել է (օպերացիան – խմբ.): Հետո ինքը Ջալալ Հարությունյանին խնդիրն այդպես է դրել՝ տե՛ս՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ չէ, որից հետո Ջալալ Հարությունյանն ասել է՝ այո՛»,- պատմեց Փաշինյանը, ապա վերհիշեց, որ ընթացքում իրեն զեկուցել են նաև գործողության ընթացքի մասին:

«Ինձ ընթացքում զեկուցել են, որ ամեն ինչ նորմալ գնում է բավականին երկար ժամանակ, և մի իքս պահի զեկուցել են, որ պարոն Ալեքսանյանի նշած բրիգադը չի կատարել խնդիրը (խմբ. – պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ավելի վաղ վարկած էր ներկայացրել, թե 2 բրիգադ է մասնակցել այդ գործողությանը, որից մեկը հրաժարվել է կատարել այն): Եվ ընդ որում՝ խնդիրը չկատարելու տրամաբանությունը հետևյալն է, որ նույնիսկ մարտի չի բռնվել»,- ասաց նա, ապա նկատեց, որ պետք է պարզել՝ դա սարքա՞ծ դրվագ է, կեղծ պատճա՞ռ է բերվել հրամանը չկատարելու համար, թե՞ իրականում է ամեն ինչ այդպես եղել:

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հերքեց այն խոսակցությունները, թե իբրև՝ այդ ժամանակ Ստեփանակերտի ՊԲ հրամանատարական կետում վարչապետն ասել է՝ Սերժ Սարգսյանը Լելե-Թեփեն կորցրել է, պետք է գնալ, հետ բերել: «Բացարձակ նման թեմա չի եղել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ