Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է սպանվել. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 29.09.2020 - 13:12
29.09.2020 - 13:12 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ։

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս պահին հրետակոծվում են ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ