Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 21:39
27.07.2023 - 21:39 դիտում

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կա արդեն միջազգային արձագանք Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:
«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով` բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
«Մեր առաջնային նպատակը եղել և մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- նշեց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր:
Հարցին` բեռնատարները որքան ժամանակ կմնան Կոռնիձորի սահմանային հատվածում, Սարգսյանը պատասխանեց.
«Հստակ ժամկետների մասին խոսել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե այս գործընթացի մեջ ներգրավվել ենք հումանիտար բեռը ԼՂ հասցնելու նպատակով, ոչ թե ժամկետներ որոշելու համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ