Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

Աննա Կոստանյան 10.08.2023 - 17:26
10.08.2023 - 17:26 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել, և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել, Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:

Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ