Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցիները հորն առևանգել

Աննա Կոստանյան 31.07.2023 - 13:33
31.07.2023 - 13:33 դիտում

Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոր մասին տեղեկություն չունեն, նրա հետ չեն կարողացել կապ հաստատել: Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով:

Վերա Խաչատրյանը Քաշաթաղի շրջանից է տեղահանվել, ապրում է Ջերմուկում: Նա ասել է, որ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի շտապ վիրահատության:

«Ուղեկցում էր քույրս: Երբ որ մոտեցել են Հակարիի կամրջին, պետք էր անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրին հորս անձնագիրը, այլևս հետ չտվեցին, ասացին, որ պետք է գնաք սենյակ, բժիշկը պետք է հետազոտի ձեզ: Այնուհետև ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնաք: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ ԿԽՄԿ աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Ու այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս առևանգել են»,- պատմել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

Վերա Խաչատրյանը նաև ասել է, որ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել իր հորը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. «Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Հարգելինե՛րս, դա կեղծ լուր է»:

Վերա Խաչատրյանը դիմել է նաև ՄԱԿ-ին. «Ես խնդրում եմ տեղեկություն բերել հայրիկիցս, չգիտեմ, ինչ-որ կերպ օգնել: Չէ՞ որ դա այնպիսի մի կազմակերպություն է, որ ամբողջ աշխարհով իր լծակներն ունի: Եթե մեր հանրապետությունում կա այդ կազմակերպությունը, նաև իր պարտավորվածությունն ունի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ