Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32 տարի

Գոհար Ստեփանյան 7.12.2020 - 10:00
7.12.2020 - 10:00 դիտում

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ: Բնական աղետը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ 20 հազար վիրավոր եղավ: Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, և Սպիտակում՝ 4 հազար մարդ: Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, մեծ վնաս հասավ գործարաններին, պատմական հուշարձաններին:
Դժվարին այս օրերին մեր երկրին ձեռք մեկնեց աշխարհի ավելի քան 113 երկիր ու 7 միջազգային կազմակերպություն։ Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ ու սննդամթերք:

Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը:

32 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից, սակայն վերքը դեռ սպիացած չէ, հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված չէ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ