Սուրեն Պապիկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

1.10.2021 - 21:22 դիտում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գոհունակություն եմ հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի ներդրմամբ նոր օրակարգեր ձևավորել: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական ոլորտներում:
Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ներկայացրել է Հայաստանի պետական-քաղաքական տարբեր շրջանակների հետ իր հանդիպումների արդյունքները՝ շեշտելով, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է բազմակողմ համագործակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում, ինչպես օրինակ՝ գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության մարտահրավերի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Վերահաստատել եմ, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը: Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում առանձնացրել եմ հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես` նշել եմ Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձել եմ նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ ընդգծել եմ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Գնահատելի եմ համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի:
Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում ներկայացրել եմ մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում:

Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Пятница, 1 октября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ